Պատմություն·հետաքրքիր փաստեր·Գրականություն·Ինքս իմ հետ

Կլեոպատրա թագուհու մասին

Կլեոպատրա թագուհին աշխարհին հայտնի է իր գեղեցկությամբ, նենգությամբ, վավաշոտությամբ, խորամանկությամբ ու խարդախությամբ: Նրա անունը կապված է նաև հայոց պատմության հետ:


Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա Է Ֆիլոպատորը ծնվել է մ.թ.ա. 69 թ.:

Նա Պտղոմեոս XII Ավլետես թագավորի (որ, ի դեպ, գահ բարձրացավ Տիգրան Մեծի զինական աջակցությամբ) ավագ դուստրն էր: Կլեոպատրայից բացի, Պտղոմեոսն ուներ ևս երկու որդի և երեք դուստր: Պտղոմեոս XII-ի որդիներն իրենից հետո գահ բարձրացան որպես Պտղոմեոս XIII և Պտղոմեոս XIV՝ իրենց գահակից ունենալով քրոջը՝ Կլեոպատրային:

Image result for կլեոպատրա թագուհի

Կլեոպատրան սիրում էր հորը, այդ իսկ պատճառով ընտրել էր Ֆիլոպատոր մականունը, որ նշանակում է hայրասեր: Եգիպտոսում տարածված էր «սրբազան ամուսնության» սովորույթը, և Կլեոպատրան ամուսնացավ իր եղբայրների հետ: Սովորույթի նպատակն այն էր, որ արքայական տոհմին այլ արյուն չխառնվի և ուրիշ տոհմերից գահի թեկնածուներ չհայտնվեն: Պտղոմեոս XII-ը, լինելով կիրթ գահակալ, իր պալատ էր հրավիրել ժամանակի շատ ուսյալ այրերի, որոնք զբաղվեցին նաև արքայազնների կրթությամբ: Կլեոպատրան, հռոմեացի պատմիչների հավաստմամբ, ժամանակի ամենաուսյալ անձանցից էր: Բացի լատիներենից և հունարենից, նա տիրապետում էր նաև ասորերենին, եբրայերենին, արաբերենին, մարերենին, պարսկերենին, հաբեշերենին, ղպտերենին: Նա հմուտ էր նաև մաթեմատիկայի և քիմիայի ասպարեզներում: Մի անգամ թագուհին հայտարարեց, որ կարող է ճաշի ժամանակ ուտել ահռելի գումարի` մեկ միլիոն սեստերցիումի ուտեստ: Վերցնելով այդ արժեքի մարգարիտներ` նա ճաշից առաջ գցեց դրանք խնձորի քացախով լի գավաթի մեջ: Մարգարիտները շուտով տարրալուծվեցին, և նա, խմելով քացախը, կատարեց խոստումը: Կլեոպատրայի առաջին ամուսինն ավագ եղբայրն էր՝ Պտղոմեոս XIII-ը: Նրա մահից հետո թագուհին ամուսնացավ մյուս եղբոր՝ Պտղոմեոս XIV-ի հետ և լույս աշխարհ բերեց իր առաջնեկին: Հետագայում թագուհին ևս չորս զավակ լույս աշխարհ բերեց՝ մի որդի՝ Հուլիոս Կեսարից, երկու որդի և մեկ դուստր` Անտոնիոսից: Անտոնիոսի և Կլեոպատրայի որդիներից մեկը` 6-ամյա Ալեքսանդր Հելիոսը, հայոց գահի հավակնորդներից էր:
Մ.թ.ա. 51 թ. մահանում է Պտղոմեոս XII-ը, և գահն անցնում է Պտղոմեոս XIII-ին ու Կլեոպատրային: Սակայն երիտասարդ ամուսինները չեն կարողանում հաշտ գահակալել, Կլեոպատրան սկսում է դավել եղբորը, որը երկու տարի անց մայրաքաղաքից արտաքսում է Կլեոպատրային: Կլեոպատրան հեռանում է Ալեքսանդրիայից և զորք հավաքում՝ գահին բռնությամբ տիրելու համար: Սակայն բախումը կանխեց Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը, որ Եգիպտոս գալով՝ փորձեց հաշտեցնել գահակալներին: Կեսարը մայրաքաղաք հրավիրեց Կլեոպատրային: Վերջինս, չկարողանալով խարդավանքներով և բռնությամբ իր օգտին լուծել գահակալության խնդիրը, որպես զենք օգտագործեց իր հմայքը՝ դառնալով Կեսարի սիրուհին: Նա, ինչպես հաղորդում է Պլուտարքոսը, հրամայեց իրեն փաթաթել սավանների մեջ, ամուր կապել պարաններով և ներկայացնել Կեսարին որպես գերի: Այսպիսով թագուհին նախ շարժեց Կեսարի գթասրտությունը, ապա՝ գերեց նրան իր հմայքով:

Related image

Կլեոպատրայի խորհրդով Կեսարը սպանեց ոչ միայն Պտղոմեոս XIII-ին, այլև նրա համակիրներին: Եգիպտական գահ բարձրացավ Կլեոպատրա VII թագուհին՝ կողքին ձևական գահակից և ամուսին ունենալով կրտսեր եղբորը՝ Պտղոմեոս XIV-ին: Դառնալով Կեսարի սիրուհին՝ Եգիպտոսի թագուհին մ.թ.ա. 47 թ. նրան որդի պարգևեց՝ Կեսարիոնին: Նա անգամ Հռոմ այցելեց, ուր, շատ ուսումնասիրողների կարծիքով, Հուլիոս Կեսարն ու Կլեոպատրան անգամ ամուսնացել են: Կլեոպատրան հույս ուներ, որ Կեսարիոնը կդառնա Հուլիոս Կեսարի ժառանգորդը հռոմեական գահին: Կեսարը չէր թաքցնում հայրությունը և Կեսարիոնի նկատմամբ իր գորովանքը, սակայն որդեգրեց իր քրոջ թոռանը՝ Օկտավիանոսին և նշանակեց իր ժառանգորդ: Մ.թ.ա. 44 թ. Հռոմում սպանվեց Հուլիոս Կեսարը: Կլեոպատրան վտանգ զգալով՝ վերադարձավ Եգիպտոս: Մի քանի տարի անց Մարկոս Անտոնիոսը, դառնալով Հռոմի եռապետ և կառավարման ոլորտ ընտրելով Արևելքը, ժամանեց Ալեքսանդրիա: Անտոնիոսը մեծամիտ, գոռոզ տիրակալ էր և ձգտում էր հասնել Ալեքսանդր Մակեդոնացու փառքին, նվաճել ողջ Արևելքը: Նրա փառասիրությանը իր հմայքով ու ոգեշնչմամբ հագուրդ տվեց Կլեոպատրան, որ իր դիրքերն ամրապնդելու համար առանց վարանումի Անտոնիոսի սիրուհին դարձավ, իսկ մ.թ.ա. 37 թ. նրանք ամուսնացան: Անտոնիոսին թագուհին դիմավորեց հատուկ այդ նպատակով կառուցած կարմիր մահուդե առագաստներով մի նավով, որ ամբողջովին ծածկված էր վարդի թերթիկներով: Մ.թ.ա. 36 թ. Անտոնիոսը մեծ արշավանք սկսեց Պարթևստանի դեմ: Հայոց Արտավազդ Բ արքան չկամեցավ մասնակցել այդ արկածախնդրությանն ու չմիացավ Անտոնիոսին: Վերջինս խայտառակ պարտություն կրեց պարթևներից և զորքի մնացորդներով ճողոպրեց Հայաստան: Հայոց արքան ընդունեց հռոմեացիներին՝ փրկելով նրանց վերջնական կործանումից: Հեռանալով Եգիպտոս՝ Անտոնիոսն ու Կլեոպատրան իրենց խայտառակությունը կոծկելու համար դավաճանության մեջ մեղադրեցին հայոց արքային: Նրանք ծուղակ պատրաստեցին Արտավազդի դեմ: Նախ խնամախոսություն ուղարկեցին Արտաշատ՝ առաջարկելով, որ Արտավազդի 11-ամյա դուստրն ամուսնանա Անտոնիոսի և Կլեոպատրայի 6-ամյա որդու՝ Ալեքսանդրի հետ: Հայոց արքան մերժեց: Անտոնիոսը մեծ բանակով մոտեցավ Հայաստանի սահմաններին: Արտավազդը բանակցելու գնաց նրա ճամբար: Ուխտադրուժ ու նենգ հռոմեացին կալանեց հայոց արքային և իր հետ Ալեքսանդրիա տարավ:

Image result for կլեոպատրա թագուհի

Հռոմեացի պատմիչները Անտոնիոսի այդ արարքի մասին ամոթով են գրում: Նրանք վկայում են, որ ոսկյա շղթաներով կալանված հայոց արքան Ալեքսանդրիայի շքահանդեսն անցավ հպարտ՝ գլուխը բարձր: Անտոնիոսը կյանք խոստացավ Արտավազդ արքային, եթե վերջինս համաձայներ գլուխ խոնարհել Կլեոպատրայի առջև: Հայոց հպարտ ինքնակալը հրաժարվեց խոնարհվելուց եգիպտական հարճի առջև և գլխատվեց նրա իսկ հրամանով: Հույն ժամանակակից պատմիչը գրում է. «Հայերը ցույց տվեցին իրենց ոգու արիությունը և դրանով փառավոր անուն վաստակեցին»:

Աղբյուրը` Ankakh.com

Оставьте комментарий